Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը
20.12.2013 | 13:27

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի և հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի, ինչպես նաև մյուս երկու համաձայնագրերի վավերացումը:

Այս համաձայնագրերը ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետությանը և դրանցում կան մի շարք խիստ վտանգավոր կետեր: Մասնավորապես` ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածում նշվում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի:

Փաստացիորեն այս կերպ «Գազպրոմ» ԲԲԸ-ն առանց որևէ խնդրի կարող է ՀՀ տարածքում գտնվող և ՀՀ-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտի բաժնետոմսերն օտարել մեկ այլ պետության ու չկա որևէ երաշխիք, որ այդ պետությունը չի լինի ՀՀ-ի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական տրամադրված երկիր: Իսկ Հայկական Կողմի, այսպես ասած, գրավոր համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարող ենք ասել առոչինչ է, քանզի նույն այս հոդվածում նշվում է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ առանց սույն հոդվածի 4-րդ պարբերությունում նշված՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության:

Մյուս վտանգավոր կետն այն է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայկական Կողմը երաշխավորում է ՌԴ տարածքից ՀՀ առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթական չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս:

Այս կետով, փաստացիորեն, հարցականի տակ է դրվում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ առաքվող գազի խնդիրը, և այս ուղղությամբ որևէ երաշխիքներ այս կամ այլ համաձայնագրերով տրված չեն:

Համաձայնագիրը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ՀՀ գազի ներմուծման բացառիկ մենաշնորհ դիրք է տալիս, սրանով իսկ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ- 37 -Ն հրամանագիրը, որում շեշտվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանացում...»:

Ակնհայտ է, որ այս համաձայնագրով ՀՀ իշխանություններն հենց իրենք են նպաստում բնական գազի ներկրման շուկայում մենաշնորհի ձևավորմանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է նման բովանդակությամբ համաձայնագրի առկայությունը: Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների անհեռանկարային գործունեության արդյունքում ՀՀ կարևորագույն ռազմավարական օբյեկտները մաս-մաս տրվել են ռուսական կողմին: Իսկ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ այդ կարևորագույն օբյեկտներից վերջին մոհիկանն էր, որը տրվում է չափազանց խայտառակ և նվաստացուցիչ պայմաններում:

Անընդունելի է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, համաձայն որի վերանշյալ համաձայնագրերը չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Այս կերպ ՍԴ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ անաչառ ու անկախ մարմին չէ:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Ազգային ժողովին չվավերացնել այս համաձայնագրերը և գործել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու բարօրության:

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ